Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանոյը Նոբելյան մրցանակ չտվեց Թրամփին

Հանոյը Նոբելյան մրցանակ չտվեց Թրամփին
01.03.2019 | 15:22

Վիետնամի մայրաքաղաքում ավարտվեցին Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ինի բանակցությունները: Նախօրեին ԿԺԴՀ-ի ղեկավարը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահի հետ երկրորդ հանդիպումը չէր կայանա, եթե ինքը չցանկանար միջուկազերծել Կորեական թերակղզին, բայց հանդիպումը ավարտվեց ժամանակից շուտ ու համաձայնություն չկայացավ: Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը տեղեկացրեց, որ բանակցություններն ավարտվել են առանց որևէ պայմանավորվածության: Միջուկային զինաթափման հարցով համաձայնությունը չկայացավ: Այնուամենայնիվ, Սառա Սանդերսը հանդիպումն անվանել է «լավ և կառուցողական»: Նրա խոսքով` Թրամփն ու Ինը «քննարկել են միջուկազերծման տարբեր ճանապարհներ», իսկ նրանց թիմերը «անհամբեր սպասում են ապագա հանդիպմանը»: Հանդիպումն ավարտվեց ծրագրված ժամկետից շուտ: Թրամփի ու Ինի ավտոշարասյուները հեռացան հյուրանոցից, որտեղ 2 օր բանակցում էին: Համատեղ հայտարարություն չեղավ, բեկանվեց համատեղ ճաշը: Թրամփը մամլո ասուլիսը մեկ ժամ շուտ տվեց ու հայտարարեց, որ ԱՄՆ պատժամիջոցները ԿԺԴՀ-ի դեմ պահպանվում են, թեպետ ԿԺԴՀ-ն ուզում էր, որ հանվեին ու պատրաստ էր միջուկազերծման հարցում զիջումների: «Նրանք ուզում են, որ պատժամիջոցներն ամբողջությամբ հանվեն, բայց մենք չէինք կարող համաձայնել»` ասաց Թրամփը: Նա հավատում է, որ ԿԺԴՀ-ն այլևս հրթիռներ ու միջուկային զենքի փորձարկումներ չի անի: «Ես հավատում եմ Կիմին և խոսքերը կհիշեցնեմ»` հայտարարեց ԱՄՆ նախագահը: Վաշինգտոնը չի ծրագրում պատժամիջոցները խստացնել:


ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների բանակցությունների առաջին ռաունդը Հանոյի «Մետրոպոլ» հյուրանոցում էր` չորեքշաբթի օրը: Երկրորդը և հիմնականը սկսվեց հինգշաբթի առավոտյան տետ ա տետ հանդիպումով: «Մենք այսօր երկար կբանակցենք ու հիանալի երկխոսություն կունենանք»` լավատեսություն սփռեց Թրամփը հանդիպումից առաջ և ընդգծեց, որ ինքը չի շտապում: «Ամենասկզբից էլ ես ասել եմ, որ բանակցություններում համաձայնության հասնելու արագությունը ինձ համար այդքան էլ կարևոր չէ: Ես շատ եմ գնահատում միջուկային ու ընդհանրապես ցանկացած հրթիռների փորձարկումների բացակայությունը»` Թրամփի խոսքերն է մեջբերել Ռեյթերսը: Նախագահի խոսքով` իր ու Կիմ Չեն Ինի համար շատ ավելի կարևոր է «ճիշտ գործարք» կնքել: Կիմ Չեն Ինը աջակցել է Թրամփի լավատեսական տրամադրվածությանը: Պատասխանելով լրագրողի հարցին` վստա՞հ է գործարքին, նա ասել է, որ հոռետես չէ. «Ես զգում եմ, որ լավ արդյունքներ կլինեն»: CNN-ը իր Թվերթերյան էջում գրել է, որ առաջին անգամ Կիմ Չեն Ինը պատասխանեց արտասահմանցի լրագրողի հարցին: «Գուցե կան մարդիկ, որ նայում են` ինչ հիանալի ժամանակ ենք մենք անցկացնում, կարծես ֆենտեզի ֆիլմի կադրեր լինեն: Մենք արդեն շատ գործ ենք արել ու ժամանակն է դա ցույց տալ»` հավելել է Կիմ Չեն Ինը: Բանակցությունների ժամանակ նրանք զբոսնելու կարճ դադար են տվել և երբ դուրս են եկել լրագրողների մոտ, թղթակիցներից մեկը Կիմ Չեն Ինին հարցրել է` ցանկանու՞մ է միջուկազերծում: «Եթե պատրաստ չլինեի դա անել, հիմա այստեղ չէի լինի»` պատասխանեց նա: «Դա լավագույն պատասխանն է, որ ես երբևէ լսել եմ»` արձագանքեց Դոնալդ Թրամփը:


Միջուկազերծման մասին առաջին անգամ խոսվեց 2018-ի հունիսին Սինգապուրում Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ինի հանդիպմանը, բայց այդ ժամանակից մեծ առաջընթաց չի եղել: Հյուսիսային Կորեան միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների փորձարկում չի անցկացրել 2017-ից: ԱՄՆ-ը հայտարարել է, որ մինչև միջուկազերծման բանակցություններում հաջողություններ չլինեն, ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները չեն հանվի: Հանոյում Թրամփը հայտարարեց, որ ԿԺԴՀ-ն կարող է մեկուսացումից դուրս գալ և զարգացած երկիր դառնալ, եթե գործարքը կնքվի: Վաշինգտոնը գտնում է, որ Հյուսիսային Կորեան պետք է միակողմանի հրաժարվի իր միջուկային զենքից` նախքան պատժամիջոցների թուլացման մասին խոսելը: Այդ պայմանը Հյուսիսային Կորեան չի ընդունում:
BBC


Հ.Գ. Փաստացի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շատ էր շտապում, երբ ասում էր, որ Թրամփին պետք է խաղաղության Նոբելյան մրցանակ տալ` Հյուսիսային Կորեայի հետ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Հանոյի հռչակագիրը չստորագրվեց ու չընդունվեց, նրանք պայմանավորվեցին հետաձգել երկխոսությունը: Հանոյ մեկնելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Ես չեմ ուզում ոչ մեկին շտապեցնել: Ես ուզում եմ, որ փորձարկումներ չանցկացվեն: Քանի դեռ փորձարկումներ չկան, մենք գոհ ենք»: Հայտնի չէ նաև` ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, իսկ ամեն ինչ այնքան գեղեցիկ էր սկսվել` ֆենտեզի կինոյի պես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ